Մենք մեր քաղաքական խորհրդում իրավաբանների հետ քննարկում ենք ՍԴ վճիռը: Այնտեղ որոշակի ձևակերպումներ կան, որոնք լրացուցիչ մեկնաբանության կարիք ունեն: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու այն լրջագույն դրույթները, որոնց սահմանադրականության վերաբերյալ 36 պատգամավորներ դիմել էին ՍԴ, Սահմանադրական դատարանը ցուցաբերելով իրապես անաչառություն և պրոֆեսիոնալիզմ, դրանք հայտարարում է հակասահմանադրական, սակայն միանգամից չի կասեցնում, այլ ձգում է մինչև սեպտեմբեր. սա հարց է, որի պատասխանը պետք է ունենանք»,- ասաց նա:

 

Զոհրաբյանը նշեց, որ ՍԴ որոշումից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա:

 

«Միայն այն, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այն լրջագույն դրույթները, որոնց համար դիմել էինք ՍԴ, միանշանակ և միանգամայն բավարար է, որ հենց այս պահին ՀՀ կառավարությունը' Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, անհապաղ հրաժարական տա, եթե ունի քաղաքական պատասխանատվություն:

 

Ամիսներ շարունակ 260,000 քաղաքացու ներքաշել հակասահմանադրական գործընթացի մեջ, ենթադրում է մեկ հետևանք' ներկայացնել հրաժարական»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց, որ ՍԴ որոշմանը առավել մանրամասն գնահատական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կտա առաջիկայում: