Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը անակնկալ կմատուցի Հռոմում ապրող իր երկրպագուներին: Ինչպես տեղեկացնում է Ազնավուրի ֆեսյբուքյան պաշտոնական էջը' Ազնավուրը հուլիսի 1-ին ելույթ կունենա II Centrale Live սրահում: Միջոցառման տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից:
Լեգենդար երգչի վերջին համերգը տեղի է ունեցել մարտի 15-ին' Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում: Ազնավուրը համերգից առաջ մասնակցել էր Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի ընթրիքին, որտեղ հրավիրված էին նաև որոշ իսրայելցի երաժիշտներ: Իր կատարումներով Ազնավուրը ևս մեկ անգամ հիացրել էր տեղի ունկնդրին:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին' հոբելյանի կապակցությամբ: