«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն ամրապնդում է իրավական պետության գաղափարը, և այն կարող է տեղ գտնել բուհական դասագրքերում: Ապրիլի 3-ին հրավիրած ասուլիսում նման գնահատականներ տվեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ՍԴ որոշման հետ կապված պարզաբանումներ տրամադրելիս: «Նման որոշումներն են, որ ցույց են տալիս, թե երկրում, պետական կառավարման համակարգում զսպումների և հակակշիռների մեխանիզմներն ինչպիսին են և սա փորձաքար է, թե այդ զսպումների և հակակշիռների համակարգը որքանով արդյունավետ կգործի»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումը ցույց է տալիս իր տեղն ու դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում: «Ես վստահ եմ, որ բուհական դասագրքերում այն իր տեղը կգտնի և տարբեր վերլուծությունների առարկա կդառնա»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ գործընթացը ցույց տվեց քաղաքական համակարգի ու քաղաքացիական հասարակության որակապես նոր փուլում գտնվելը:

 

Արդարադատության նախարարի խոսքով՝ որոշման մեջ պարտվողներ և հաղթողներ չկան: «Ես պատրաստ եմ առաջին պարտվողը լինել նմանատիպ տասնյակ գործերում, եթե դա նպաստելու է մեր իրավական համակարգի զարգացմանը»,- եզրափակեց նախարարը:

 

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն' Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: «Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»,- նշված է որոշման 7-րդ կետում: