Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթություն է տվել հայ գերիներ մասով գործերի քննությանը, ուստի այդ գործերը ավելի սեղմ ժամկետներում պետք է քննվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ընդունել է որոշ անձանց գերեվարման հանգամանքները:
«ՄԻԵԴ-ն ամփոփել է տվյալները և, բացահայտելով որոշակի խնդիրներ, լրացուցիչ հարցադրումներ է հղել Ադրբեջանի կառավարությանը: Սպասում ենք այդ հարցերի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասաց Սահակյանը:
Ըստ իրավապաշտպանի` հստակեցման կարիք ունի Խծաբերդում 62 զինվորականների կարգավիճակը: «Մեր գնահատմամբ՝ նրանք դասական ռազմագերիներ են, իհարկե, չենք բացառում, որ Ադրբեջանը գնալու է սպեկուլյացիաների և հայելային պատկեր ստանալու նպատակով փորձելու է միջազգային հանրությանը նրանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, հանցագործներ»,- նշեց Սահակյանը:
ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցչի կարծիքով` իրավական գործընթացներով ՀՀ քաղաքացիները կպաշտպանվեն, սակայն Ադրբեջանը կփորձի ձգձգել գործընթացը:
«Ադրբեջանը կփորձի ներպետական միջոցների օգտագործմամբ ձգձգել գործընթացը և Եվրոպական դատարանում ցույց տալ, որ կան ընթացող ներպետական գործընթացներ, պետք է սպասել նրանց հանգուցալուծմանը և նոր գնահատական տալ, սակայն հիմա ունենք ձևավորված պրակտիկա, որ Ադրբեջանի որևէ մեխանիզմ չի կարող արդյունավետ համարվել հայերի առնչությամբ, որովհետև պետական հակահայկական քաղաքականություն կա, ընդ որում, ատելության հիմքով: Այս պարագայում անմիջականորեն կարող ենք հայցել միջազգային դատական պաշտպանություն»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում իրավական գործընթացը կպահանջի 1-2 տարի:
Հարցին` ՄԻԵԴ-ի միջոցով Ադրբեջանի կողմից գերիների քանի հաստատված դեպք կա, Սահակյանը պատասխանեց.
«Դատական գործընթացի մասին կարող եմ ասել, որ ունենք 8 դեռևս չվերադարձված գերեվարված անձինք, իսկ ինչ վերաբերվում է արտադատական հաստատումներին, դրա մասին ճիշտ կլինի խոսեն պետության ներկայացուցիչները»