Հայաստանի Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին՝ կոչ անելով օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն: ՀԽ անդամները նաև նշել են, որ նմանատիպ դեպքերը միշտ տեղի են ունենում անսպասելիորեն, և հասարակությունն ու պետական մարմինները լիարժեքորեն պատրաստ չեն լինում դրանց, իսկ նման դեպքերի չկրկնվելու երաշխիքներ գոյություն չունեն: Ուստի Հանրային խորհուրդը որոշել է մշակել պետական և հասարակական միջոցառումների ցանկ, ինչը հնարավորություն կտա առավել արագ արձագանքել նմանատիպ իրավիճակներին՝ դասեր քաղելով Քեսաբի դեպքերից:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանային մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը' Հաագայում' Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով ԶՄԼ-ների համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա' տեղում ծանոթանալու մերհայրենակիցների ճակատագրին: