ՀՀ կառավարության կողմից խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի հսկողությունը կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Ըստ նախարարի՝ փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը: «Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագո րծողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդիական սարքավորումներ»,- ասաց նախարարը:
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ' ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը: