Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ազգային մակարդակով հայկական համացանցի անվտանգության բարձրացման անհրաժեշտություն է տեսնում: Վերջին մի քանի ամիսներին Հայասանի ուղղությամբ եղել է առնվազն չորս DDoS հարձակում, որոնցից մեկն էլ գրանցվեց երեկ' ապրիլի 2-ին: «Նման հարձակումների ժամանակ հաքերներն ինտերնետ աղբ են ուղարկում վարակված համակարգիչների մեջ, որի արդյունքում կայքը դադարում է աշխատել, իսկ կապուղիները խցանվում են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Մարտիրոսյանը' հավելելով, որ DDoS հարձակումների պատճառով վատանում է ոչ միայն ընդհանուր ինտերնետ հասանելիությունը, այլև հայկական կայքերը չեն բացվում, երբեմն էլ բացվում են Հայաստանում, բայց անհասանելի են լինում արտերկրում:

 

Փորձագետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ DDoS հարձակումների շուկան էժանանում է, և այդ ծառայությունը սկսում են պատվիրել: «Հիմա արդեն նոր մեթոդներ են առաջացել DDoS հարձակումների, երեկ այդ մեթոդներից մեկով են գործել, երբ շատ քիչ համակարգիչներից ահավոր մեծ աղբ են ուղարկել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

 

Հարցին, թե ո՞ր կողմից է ուղղորդված հարձակումը' փորձագետը դժվարացավ պատասխանել' նշելով, որ DDoS հարձակումների դեպքում, երբ որևէ կողմ իր վրա չի վերցնում պատասխանատվությունը, շատ դժվար է նույնականացնել հարձակման աղբյուրը:

 

Սամվել Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ միջինում մեկ հայկական կայքը DDoS հարձակման միջոցով շարքից հանելն օրական 50-100 դոլար արժի:

 

Ապրիլի 2-ին Հայաստանյան ցանցի վրա DDoS հարձակման հզորությունը հասել է և անցել է 35 գիգաբայթը, կիրառվել է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունները կարող են բավականին արագ աճել։