Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների արտգործախարարները հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածության սրման վերաբերյալ, որում մտահոգություն է հայտնել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մենք մեր խորը անհանգստությունն ենք հայտնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որն արդյունք է կառավարական ուժերի և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող ծայրահեղականների միջև բախումների, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի և Քեսաբ քաղաքի հազարավոր բնակիչների ստիպված տեղահանման, որը բնակեցված է առավելապես հայերով: Մենք վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառումը»:

 

ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել բռնության դադարեցման ու փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին և համոզմունք հայտնել, որ իրավիճակի նորմալացումը հնարավոր է արտաքին միջամտության և բռնության բացառման դեպքում, լայն քաղաքական երկխոսության միջոցով, որը հաշվի կառնի բոլոր սիրիացիների շահերը, անկախ նրանց ազգությունից և կրոնական պատկանելությունից:

 

«Կոչ ենք անում հակամարտությանը ներգրավված և շահագրգիռ կողմերին գործել միջազգային իրավունքին խստորեն հետևելով, ի շահ Սիրիայում արյունահեղության շուտափույթ դադարեցման և խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու'Ժնևի 2012 թ հունիսի 30-ի կոմյունիկեի հիման վրա»,- նշված է հայտարարության մեջ:

 

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի արտգործնախարարները:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը' Հաագայում' Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա' տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: