Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերի քննարկումը հետաձգման վտանգի տակ էր, քանի որ ժամանակին ներկայացել էին «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները, ԲՀԿ-ն ուշանում էր: Մինչ «Ժառանգություն» խմբակցություն մտնելը, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը նշեցին, որ վարչապետի հրաժարականն իրենց համար անակնկալ չէր: ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը չցակացան որևէ մեկնաբանություն տալ:
Մինչ եռյակը դռնփակ նիստի էր, խոսակցություններ տարածվեցին, որ խորհրդարան է եկել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում, սակայն, լրագրողներին հանդիպել չհաջողվեց:
Ավելի ուշ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը հայտնեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկի Ծառուկյանն ունեցել են կարճատև հանդիպում: Մանրամասները չեն հրապարակվում:
ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ուշացումով միանալով քննարկմանը, նշեցին, որ առաջացել էր տեխնիկական հարց:
Այժմ չորս ուժերը դռնփակ քննարկում են անցկացնում, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, պետք է խոսեն հետագա անելիքների և ծրագրված միջոցառումների ժամանակացույցի մասին: Նրանք կքննարկեն նաեւ ապրիլի 3-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակը: