Աշխատանքային այցով այսօր Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանական կառավարության անդամների հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքու ժամանելուն պես Էրդողանը ուրբաթօրյա նամազ է արել Բաքվի թուրքական մզկիթում, որից հետ միայն մեկնել է Ալիեւի նստավայր:

 

Մամուլի համար փակ դեմ առ դեմ եւ պատվիրակությունների միջեւ հանդիպումներից հետո Ալիեւն ու Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:

 

Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը եւ այլ պաշտոնյաներ:

 

Ըստ վերլուծաբանների' մարտի 30-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անմիջապես հետո Էրդողանի այցը Բաքու պայմանավորված է երկու երկրների' տարածաշրջանում իրադարձությունների վերաբերյալ քայլերը համաժամանակացնելու մտադրության հետ: Երկու երկրներն էլ միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ ձգտում են առաջին հերթին առաջ տանել ազգային շահերը: