Հայաստանի գործարար միջավայրում բավականին լուրջ փոփոխություններ են գրանցվել դեպի դրականը: Ծաղկաձորում անցկացվող «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: «Ես կարծում եմ, որ այս պահին Հայաստանում գործարար միջավայրն ավելի լավ վիճակում է, քան 5 տարի առաջ: Ես այստեղ լուրջ փոփոխություններ եմ տեսնում դեպի դրականը»,-նշեց Քարամյանը:
Դիտարկմանը, թե 5 տարի առաջ ավելի հեշտ էր բիզնես գործունեություն ծավալելը, Քարամյանը նշեց, որ այն ժամանակ շատ գործարարներ խուսափել են հարկերից, ինչի հետևանքով էլ ավելի հեշտ է եղել, սակայն հիմա հարկային քաղաքականությունն ավելի է խստացել, ինչի շնորհիվ դաշտը որոշակիորեն կարգավորվել է:
Քարամյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ այսօր էականորեն հեշտացել է բիզնես գրանցելու հնարավորությունը՝ հիշեցնելով, որ Հայաստանում այս պահին բիզնեսը հնարավոր է գրանցել ընդամենը 15 րոպեում՝ առանց բյուրոկրատական քաշքշուկների: