Վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է տարվել բանակը հասարակության համար ավելի թափանցիկ դարձնելու համար: Այս մասին Ծաղկաձորում անցկացվող «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: «Ես սա անհրաժեշտություն եմ համարում: Այն երկրներում, որտեղ կա պարտադիր ժամկետային ծառայություն, սա պարտադիր պայման է, քանի որ, ի տարբերություն պրոֆեսիոնալ բանակի, այս դեպքում ծնողների մոտ միշտ անհանգստություն կա, ուստի անհրաժեշտ է բանակը բաց և թափանցիկ դարձնել հասարակության համար»,- նշեց Օհանյանը՝ ընդգծելով, որ այն ամենը, ինչն իր մեջ գաղտնիք չի պարունակում, պետք է ներկայացնել հասարակությանը:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ինքն այս խնդրով զբաղվել է դեռևս այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարն էր: «Ես հրամայել էի քանդել զորամասերի բարձր պարիսպները, որպեսզի մարդիկ թեկուզ իրենց պատուհաններից հնարավորություն ունենային հետևել բանակի առօրյային, տեսնեին, թե քանի անգամ են զինվորները շարվում, քանի անգամ են դասընթացների մասնակցում և պարապմունքներ անում»,- ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ բանակը թափանցիկ դարձնելու առումով բավականին լուրջ աշխատանք է կատարվել նաև Հայաստանում:
Անդրադառնալով բանակ-ԶԼՄ կապին՝ Օհանյանն ընդգծեց, որ լրագրողները Հայաստանում բավականաչափ ազատ են բանակի լուսաբանման հարցում: «Սակայն մենք տեսնում ենք, որ կան լրագրողներ, ովքեր մի փոքր չափն անցնում են՝ անտեղի վիրավորանք հասցնելով որևէ անձի կամ գերատեսչությանը՝ չգնահատելով այն չարքաշ աշխատանքը, որ իրականացվում է ամբողջ անձնակազմի կողմից»,- ասաց Օհանյանը:
Ամենավտանգավոր երևույթը գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակումն է, ինչը բացասաբար է ազդում ընդհանուր տեղեկատվական պատերազմի վրա: Նա ընդգծեց, որ այս առումով Հայաստանի բանակում զգալի առաջընթաց է նկատվում: