ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 12-ին ամփոփվել են ռազմաբժշկական ծառայության 2014 թվականի ուսումնական տարվա գործունեության արդյունքները:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, հոսպիտալների և զորամասերի բուժծառայությունների պետեր, ռազմական բժիշկներ:

 

 

Հաշվետու հավաքի շրջանակներում անցած ուսումնական տարվա, ինչպես նաև 2015 թվականի առաջին ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների, հիվանդացությունների և դրանց քանակական համեմատականի մասին զեկույցներով հանդես են եկել բուժծառայության օղակի մի շարք ներկայացուցիչներ և պատասխանատուներ:

 

 

Նշվել է, որ 2014-ին էական հաջողություններ են գրանցվել առանձին հիվանդությունների կանխարգելման և դրանց բուժական գործընթացի արդյունավետ կազմակերպման ու իրականացման ուղղությամբ: Ներկայացվել են 2014 թվականին զինված ուժերի անձնակազմի հիվանդ ացության և հոսպիտալացման հիմնական ցուցանիշները, համեմատական անցկացվեց 2013 և 2014 թվականների ցուցանիշների միջև: Անդրադարձ է եղել նաև «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» գործունեությանն ու հաշվետու տարում գրանցված հաջողություններին:

 

 

Իր զեկույցում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած թերություններին և բացթողումներին, շեշտել, որ բուժծառայության օղակում ներգրավված յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է ամենօրյա սրտացավ ծառայությամբ նպաստել ազգային բանակում հիվանդությունների թվի շարունակական կրճատմանն ու կանխարգելմանը:

 

 

Ընդգծվել է Պաշտպանության նախարարությանը ենթակա առանձին բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածության բարձր մակարդակը. հաշվետու տարվա ընթացքում թե' զինվորական հ ոսպիտալները, թե' զորամասային բուժկետերը համալրվել են անհրաժեշտ արդիական սարքավորումներով: Ռազմաբժշկական վարչությունը համալրվել է նաև ժամանակակից և անհրաժեշտ բոլոր բուժսարքավորումներով հագեցած ռեանիմացիոն ավտոմեքենայով: Իրականացված աշխատանքն ինքնանպատակ չէ և նպատակաուղղված է ծառայելու հայ զինվորի ու սպայի համապարփակ բուժհետազոտության ապահովմանն ու բուժման պայմանների բարելավմանը:

 

 

Ամփոփելով ռազմաբժշկական վարչության կողմից 2014թ. ուսումնական տարվա և 2015 թվականի առաջին ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդհանուր առմամբ բարձր է գնահատել դրանց կատարողականը' նշելով, որ որոշ հիվանդությունների հետ կապված թվային ցուցանիշների էական բարելավումը ինքնին վկայում է իրականացված բարեխիղճ աշխատանքի մասին:

 

 

Կարևորելով ռազմական բժիշկների դերը զինված ուժում' պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ արձանագրված գոհացուցիչ ցուցանիշները պայմանավորված են նաև իրականացված կադրային փոփոխություններով, կայազորային հոսպիտալներում և զորամասային օղակներում ներգրավված բուժծառայողների ֆունկցիոնալ պարտկանությունների պատշաճ իրականացմամբ:

 

 

Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման հանդիսավոր արարողությամբ. ռազմաբժշկական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով: