Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրավերով նոյեմբերի 19-21-ը պաշտոնական այցով Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով վերջին տարիներին մաքսային համակարգում արձանագրված առաջընթացն, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը Համաշխարհային Մաքսային կազմակերպության ծրագրերին, սերտացող և արդյունավետ համագործակցությունը' ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան երկրորդ անգամ է այցելում մեր երկիր' ծանոթանալու նախորդ այցին հաջորդած բարեփոխումներին:

 

Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու և վերջին 5 տարիներին համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքներն ամփոփելու նպատակով ՀՄԿ գլխավոր քարտուղարն առանձնազրույց է ունեցել ֆինանսների նախարարի, այնուհետև հանդիպում' մաքսային ծառայության ղեկավար անձնակազմի հետ: ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել է վերջին տարիներին մաքսային ծառայության բարեփոխումների ընթացքը:

 

Այցի շրջանակում Կունիո Միկուրիան մասնակցել է նաև ՀՄԿ-ի կողմից իրականացվող «Կոլումբոս» ծրագրի 3-րդ' գնահատման փուլի փակման արարողությանը: Լրագրողն երի հետ հանդիպմանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՄԿ փորձագետները դրական են գնահատել արդյունքները:

 

«ՀՄԿ անդամ 179 երկրներից 100-ում իրականացվում է «Կոլումբոս» ծրագիրը: Մեր երկիրն առաջիններից էր դարձել ծրագրի շահառու և մեկն այն 6 երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են: Հայաստանը 6-րդ պետությունն է, որտեղ ՀՄԿ փորձագետները կատարել են վերջնական' գնահատման փուլի աշխատանքերը, ինչը նշանակում է' բարեփոխումներին ուղղված գործողությունների ծրագիրն իրականացվել է հաջողությամբ»,-նշել է նա:

 

Մաքսային ծառայության աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել նաև ՀՄԿ գլխավոր քարտուղարի կողմից: «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի մաքսային համակարգում մի քանի ուղղություններով է առաջընթաց արձանագրվել: Զգալիորեն փոփոխվել է օրենսդրական դաշտը' համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին: Իսկ Մաքսային ընթացակարգերի պարզեցման կոնվենցիային անդամակցմամբ' Հայաստանը միջազգային հանրությանը տպավորիչ ուղերձ է հղել իր մտադրությունների մասին»,- ընդգծել է նա:

 

ՀՄԿ փորձագետների գնահատմամբ՝ 2009-14թթ. գործողությունների ռազմավարական ծրագրերը և ճանապարհային քարտեզն ամբողջական էին և ընդգրկուն, TWM ծրագրի և էլեկտրոնային հայտարարագրի ներդրման համակարգում ամբողջությամբ ներառված են ռիսկերի կառավարման համար անհարժեշտ գործիքները, հետևողականորեն իրականացվում են «մեկ պատուհան» սկբունքի կիրառման, լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրմանն ուղղված աշխատանքերը: Մատնանշվել են նաև այն հիմնական ուղենիշերը, որոնցով պետք է առաջնորդվի ծառայությունն առաջիկա տարիներին:

 

ՀՄԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը: «Հաշվի առնելով մինչ օրս արձնագրված առջընթացն' օրենսդրասկան կարգավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կադրային ներուժի բարելավման գործում, վստահ եմ' Հայաստանում հետայսու ևս առաջընթաց կարձանագրվի բոլոր ուղղություններով: Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը և համագործակցությունը»,- ասել է նա:

 

Անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը' Կունիո Միկուրիան ընդգծել է, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծում, քանի որ ՄՄ-ն և ԵՏՄ-ն նույնպես առաջնորդվում են Կիոտոյի կոնվենցիայով, այսինքն' ՀՄԿ սկզբունքերով:

 

Արաբկիրի սպասարկման կենտրոնում ՀՄԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նորամուծություններին և հետևել աշխատանքային գործընթացներին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների միջոցով հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հնարավորություններին: Պաշտոնական այցի շրջանակում բարձրաստիճան հյուրն այցելել է նաև Դիլիջանի ուսումնական կենտրոն, ծանոթացել ուսումնական գործընթացների հեռանկարին:

 

Նա նշել է. «Գերարդիական կենտրոնի գործարկումն աննախադեպ կլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում. քայլեր են ձեռնարկվում կենտրոնին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ»:

 

Այցի ընթացքում ՀՄԿ-ի և կենտրոնի միջև ակտիվ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել: ՀՄԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: