ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 2-ին ամփոփվել են երկրորդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ ամսվա ընթացքում զինված ուժերում տեղի ունեցած կարևորագույն միջոցառումներին և առաջիկա առանցքային աշխատանքային ուղղություններին:

 

 

Ներկայացնելով զորամիավորման և ենթակա զորամասերի հրամկազմերի կողմից վերջին շրջանում կատարված հիմնական աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները' 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ մակարդակով անցկացվել են զինանձակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, մարատավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքները, շտաբային մարզումներն ու զորավարժությունները:

 

 

Հատուկ ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների վերլուծությունը հավաստել է, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներն ունակ են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերվելու և կատարելու առաջադրված խնդիրները:

 

 

Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի դիտարկմամբ' հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում մեծածավալ աշխատանքներ են տարվել մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորման և ինժեներական բարելավման ուղղությամբ:

 

 

Պողոս Պողոսյանը ընդգծել է նաև, որ զորամիավորման հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են զինվորական դաստիարակության և կարգապահության ամրապնդման, զինծառայողների պարենային ապահովման և սննդի ճիշտ կազմակերպման հարցերը: Ընթացիկ խնդիրների և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների հետ կապված հնչել են նաև մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:

 

 

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերի ընթացքում զինված ուժերի շրջանակում անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների, տարաբնույթ զորավարժությունների արդյունքներին, որոնք ևս մեկ անգամ հավաստել են, որ հայկական զինված ուժերը փոխգործունակ են և ունեն մարտունակության բարձր աստիճան:

 

 

Պաշտպանության նախարարի կողմից տրվել են նաև մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, առաջնագծում տարվող աշխատանքները բարձր մակարդակով շարունակելու, տեղակատվական անվտանգության և գաղտնիության ռեժիմի նկատառումներից ելնելով' մարտական հենակետերում զինծառայողների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը, զինծառայողներին հատկացվող պարենամթերքի որակը և տեսականին խիստ վերահսկողության տակ պահելու ուղղությամբ: