Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն' նվիրված 2016թ. հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված ծրագրերը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների արդյունքները, առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կրման պայմանների և առաջնագծի ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նոր ուսումնական փուլի շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին, հանձնարարել է առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար: