Փորձը ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ի հանդիպումների շրջանակներում լարվածություն չի եղել: Հուսանք որ լարվածություն չի լինի, բայց եթե լինի էլ, մեր բանկի առաջին գծում կանգնած զինվորներն՝ իրենց հմուտ հրամանատարների հետ, ստորաբաժանումների զորամասերի կազմով ի վիճակի են վերահսկել այդ լարված իրավիճակը և խելամիտ որոշումների ընթացքում արժանի հակահարված տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Խոսելով 2014 թվականի մասին՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ դեռ չեն ամփոփել 2014 թվականի արդյունքերը. դա կարվի հունվարի 26-ին՝ ամփոփիչ կոլեգիայի նիստի ժամանակ.

 

«Այս տարին, իհարկե, հատուկ էր իր լարվածությամբ՝ սկսած հունվարի 19-ի դեպքից՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելուց, նրա հմուտ գործողություններից, այնուհետև հուլիս-օգոստոսյան լարվածությունը և նաև ուղղաթիռի խոցելը, մեր ստորաբաժանումների հմուտ գործողությունները, արժանի հակահարվածները, այնուհետև մարտական պատրաստության մեջ հաջողությունները՝ բիատլոնի հաղթանակը, մեր սպորտսմենների հաղթանակները: Այդ ամենն իրենց արտացոլումն են ստացել՝ մեր մանուկների, երիտասարդների, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաների հմուտ գործողությունները և հաղթանակը՝ «Հաղթանակի ժառանգորդները» թեմայի ներքո իրականացված մրցումներում, ՌԴ-ում: Կարելի է ասել, որ մենք ունեցել ենք արդյունքներ:

 

Ամենակարևոր արդյունքը՝ հայտարարված «Արատավոր բարքերի դեմ տարի», «Մեր բանակը մեր տունն է, մեր ամրոցն է», բուհերի, դպրոցների, իրավապահ մարմինների, ընդհանուր առմամբ, հասարակության հետ միասին մենք ունեցել ենք հաջողություններ: Կարելի է ասել՝ կարգապահության ամրապնդման գործում կարգապահական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ քրեածին դեպքերը 2,5 անգամ նվազել են: Դա այն դեպքում, որ հրամանատարությունն է այս տարի պատասխանատվությունն իր վրա վերցրել: Հասարակության, դպրոցների հետ աշխատանքը դեռևս իր արդյունքը դեռևս չի տվել, որովհետև այն մարդկանց հետ, ում հետ աշխատել ենք, նրանք բանակ չեն եկել: Նախկին տարիների հրամանատարների, ընտանիքների, հասարակության հետ արդյունքում է»,- նշեց ՊՆ նախարարը:

 

Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ 2015-ին մենք կապահովենք երկարատև խաղաղություն, զսպման մեխանիզմներ կձևավորենք՝ այս տարվա՝ առաջին գծում առկա լարվածությունը թուլացնելու համար:

 

Անդրադառնալով ուղղաթիռի հարցով ծառայողական քննությանը, Պաշտպանության նախարարը նշեց, որ ծառայողական քննությունն ավարտվել է. «Հրամանատարության կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ: Քրեական գործ է հարուցված և քրեկան գործի շրջանակներում ԼՂՀ բանակի ղեկավարությունը և իրավապահ մարմիններն աշխատում են: Այն պահին, երբ անհրաժեշտ կլինի հանրությանը տեղեկություն տալ, մենք կասենք այդ մասին»,- ասաց նախարարը:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք եղե՞լ է ուղղաթիռի խոցման անհամաչափ պատասխանը, Սեյրան Օհանյանն ասաց. «Անհամաչափ պատսախանները շատ դեպքերում, մեծամասնությամբ, իրենց մեջ պարունակում են ռազմական առանձնահատկություն՝ գաղտնիություն, և բոլոր դեպքերը չէ, որ մենք կարող ենք հասցնել մեր հասարությանը: Անհամաչափ պատասխանը եղել է, որոշ բաներ էլ հասարությանն ասվել է: Մենք կայքերն ենք տեսնում և հակառակորդի կայքերն ենք ուսումնասիրում. այդ կորուստները կան իրենց կողմից»:

 

Դիտարկմանը, թե այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ էր տեղի ունեցել վերջին դիվերսիոն գործողությունների ժամանակ, երբ հակառակորդը 5-6 զոհ տվեց, մենք՝ մեկ, նախարարը նշեց. «Այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ պետք չէ, որ միշտ ամեն ինչ պարզ լինի, վստահեք հարազատ, հայրենի բանակին»: