Կանանց տոնական միամսյակը մոտենում է ավարտին. մայրության և գեղեցկության տոնը' ապրիլի 7-ը' տարվա 97-րդ օրն արդեն իրողություն է: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, կատարվում նաև մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կա րգ: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի′ վախեցի′ր, Մարիա′մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 26:33):

 

Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38): Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: Ապրիլի 7-ի Օրվա խորհուրդն է' թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված իր ամենակարող աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

 

Թեև օրն աշխատանքային է, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն անցել են հոգսառատ առօրյային, բայց օրը կարող են անմոռանալի դարձնել ժպիտները, ծաղիկներն ու շնորհավորանքները:

 

Աշխարհի ամենահոգատար ու բարի հայ մայրեր ու աղջիկներ, շնորհավոր տոնը Ձեր: