ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, չի բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի 2016 թվականի նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեմ մինչև ընթացիկ տարվա վերջը: Առայժմ ես աշխատում եմ այդ մասին չմտածել»,- հայտնել է Բուշը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
61-ամյա Ջեբ Բուշը մեծ հեղինակություն է վայելում Հանրապետական կուսակցությունում: Մինչդեռ, առանձին հարցերի վերաբերյալ նրա հայացքները, որոնք, մասնավորապես, վերաբերում են միգրացիայի ոլորտում ԱՄՆ-ի քաղաքականությանը, տարբերվում են հանրապետականների մեծամասնության կարծիքից: Բուշը հանդես է գալիս երկրի միգրացիոն քաղաքականության մեղմացման օգտին: Նրա խոսքով՝ ապօրինի ներգաղթյալներն ԱՄՆ են ժամանում անելանելիությունից դրդված՝ հնարավորություն չունենալով ընտանիքը պահել իրենց հայրենիքում:
Ջեբ Բուշը Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնն զբաղեցրել է 1999-ից մինչև 2007 թվականը և առավել մեծ ժողովրդականություն վայելող նահանգապետներից մեկն է եղել նահանգի պատմության մեջ: Եթե նա իր թեկնածությունն առաջադրի ընտրություններում, ապա կարող է ընտանեկան ավանդույթը շարունակելու շանս ստանալ. նրա ավագ եղբայրը՝ Ջորջ Բուշ կրտսերը, եղել է ԱՄՆ-ի 43-րդ, իսկ հայրը՝ Ջորջ Բուշ ավագը՝ 41-րդ նախագահը: