Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի' Թուրքմենստան պաշտոնական այցի բանակցություններն անցել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում: Բանակցությունների ընթացքում տեղի է ունեցել կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ:
Նախագահները նշել են փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Երկու պետությունների ղեկավարներն արտահայտել են միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:
Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան' երկու երկրների ղեկավարները դրական են գնահատել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաև հաստատել դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահները փաստել են միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատել են միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը: Նախագահներն ընդգծել են ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը: Կողմերը հաստատել են գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհ ում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության և նրա հաստատությունների դերի բարձրացման կարևորությունը:
Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով' ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվել են բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Երկու պետությունների ղեկավարները նշել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում: Այդ կապակցությամբ, ընդգծվել է Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը' առևտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով: Պետությունների ղեկավարներն արտահայտվել են երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի միջև կապերի հետագա ամրապնդման օգտին և այդ համատեքստում ողջունեցին Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն են դարձրել հումանիտար բնագավառում համագործակցությանը' ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի և արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի կարևոր նշանակությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն գիտության և տեխնիկայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման և ընդլայնման կարևորությունը:
Երկու պետությունների ղեկավարները հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ' համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ և բարեկամական ընդունելության համար ու հրավիրել է Թուրքմենստանի Նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն' իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: