Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի առաջիկա նիստում կարող է քննարկվել նաև վարչապետի թեկնածուի հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով' ԳՄ նիստում վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկում կլինի, եթե մինչ այդ հայտնի լինեն հանրապետության նախագահի և խորհրդարանական քաղաքական ուժերի խորհրդակցության արդյունքները: «Ըստ Սահմանադրության, վարչապետ նշանակելուց առաջ Նախագահը պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Եթե մինչ նիստի օրը հայտնի լինեն խորհրդակցությունների արդյունքները, կարծում եմ, որ այդ հարցին մենք կանդրադառնանք նաև գործադիր մարմնի նիստում»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ միայն նիստի օրը հնարավոր կլինի հստակ ասել՝ կքննարկվի վարչապետի թեկնածուի հարցը, թե ոչ: Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին: