Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 3168 հեռախոսազանգ: Զանգերից 1810-ը եղել են տեղեկատվական բնույթի, 175-ը' 0-7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության մասով, 97-ը' ծննդօգնության, 344-ը' մասնագիտացված բժշկական օգնության, 251-ը' առողջության ա ռաջնային պահպանման օղակի, 212-ը' դեղերի, 153-ը' ՀՀ ԱՆ գործառույթներին չվերաբերող հարցերի, իսկ 126-ն այլ խնդիրներ, որոնցից 23-ը վերաբերել են առողջապահական պետական տեսչությանը, 82-ը' աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցեր, իսկ 21-ը' շնորհակալական խոսք ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանը:

 

Ստացված 3168 հեռախոսազանգից 475-ը վերաբերել են մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված առողջության պահպանման միամսյակին: Ընդհանուր հեռախոսազանգերից 82-ը եղել է բողոք: Քաղաքացիների հարցերն ուսումնասիրվել են, տրվել են լուծումներ:

 

Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա: Ծառայությանը դիմած յուրաքանչյուր քաղաքացի ստանում է սպառիչ պատասխան և աջակցություն ցանկացած խնդրի լուծման հարցում: ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: Յուրաքանչյուր խնդիր ու բողոք զեկուցվում է նախարարին և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարին: