Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ընտրվել երկրի նախագահ, սակայն, դեռեւս հայտնի չէ' նա կդնի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, թե ոչ: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թ. օգոսոտսի 10-ին: Եթե նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում ընտրողների 51 տոկոս ձայներ չհավաքի, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:

 

2007 թ. անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն` ի տարբերություն նախկինում անցկացված նախագահական ընտրությունների, 2014 թվականից Թուրքիայում նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից: Հանրաքվեի արդյունքներին համապատասխան' Թուրքիայի նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով` նախկինում եղած 7 տարվա փոխարեն:

 

Ենթադրվում է նախագահական ընտրություններին թուրքական ընդդիմությունը կառաջադրի միասնական թեկնածու:

 

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը հայտարարել էր, որ վարչապետ Էրդողանի' երկրի նախագահ ընտրվելու դեպքում, գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Նրա խոսքով` երկրի նախագահը մեծ քաղաքական փորձ ունի, եւ իշխող կուսակցությունը կցանկանար օգտվել այդ փորձից:

 

Նախօրեին Թուրքիայի իշխող կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը հայտարարել է, որ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում մասնակցության համար: