Արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է որոշվի Ազգային ժողովում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նախագահ Արմեն Սարգսյանը:

«Պե՞տք է, թե՞ պետք չի` ես կարծում եմ երկու մեծ սուբյեկտ կա` դա մեր հայ ժողովուրդն է ու այդ ժողովրդի համապատասխան մարմինը` Ազգային ժողովը: Եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտավորությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար և արդարացի»,- ասաց Արմեն Սարգսյանը:

 

Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին՝ Նախագահը նշեց, որ իր դիրքորոշումը շատ հստակ է, Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ:

Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ հարցին ի պտասխան Արմեն Սարգսյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից ստացել է որոշակի փաստաթղթեր. «Փաստաթղթերը մոտ ժամանակներում կուղարկվեն Կառավարություն, ապա համապատասխան նախարարություններ», - ասաց նախագահը:

Նա նշեց՝ ըստ Սահմանադրության, համաներման վերաբերյալ որոշում կարող է կայացնել Կառավարությունն ու Վարչապետը: