ՀՀ կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, գործադիրը ի թիվս այլ հարցերի քննության է առել օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնցով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու առաջարկությամբ հանդես եկած խորհրդարանականների նպատակն է սահմանել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջը չկատարելու հարուցած պատասխանատվությունը: Օրենքի փոփոխությամբ, ըստ հեղինակների, կապահովվի նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը:
ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը, սակայն, նկատի առնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վիճակագրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեությունը, նախագծի հեղինակներին առաջարկում է խնդրին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո:
ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը միտված է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակների, բխում է այն հանգամանքից, որ օրենքը պարտադրում է աուդիտ անցկացնել այն կուսակցություններին, ում ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը. Այսպիսով, ֆինանսական բարդ վիճակում են հայտնվում աուդիտ անցկացնելու միջոց չունեցող կուսակցությունները: Պատգամավորներն առաջարկում են աուդիտի պահանջը գործի դնել տարեկան շրջանառու միջոցների սահմանված շենքից բարձր լինելու դեպքում: Կառավարությունն իր հերթին կողմ է օրենքի նախագծի այնպիսի խմբագրման, երբ աուդիտ չի անցկացվի այն դեպքում, երբ կուսակցության լիազոր մարմին հայտարարություն ներկայացվի, որ հաշվետու տարում կուսակցության ակտիվների փոփոխություն չի եղել: Այս առաջարկությունն ընդունելու դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննության է առել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի: Սկզբունքորեն կողմ լինելով նախագծին, կառավարությունը այն կածիքին է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և անում է համապատասխան առաջարկություններ:
Գործադիրը քննարկել է «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Օրենքի նախագծի հիմքում դրված է փորձագետների այն եզրակացությունը, որ Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) ստորերկրյա ջրերի 1984թ. հաստատված արդյունաբերական պաշարը հուսալի և իրատեսական է և վերագնահատման կարիք չունի: Կառավարության եզրակացությունը փաստում է, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարի արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով մշակվել և արդեն իսկ կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր: Պատգամավորին առաջարկվում է համագործակցել կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծերի փաթեթ ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու համար:
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: