msy.amՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունեց Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում փայլուն հաջողություններ գրանցած Հայաստանի ազատ և հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտի մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին:
Նախարարության նիստերի դահլիճում Յուրի Վարդանյանը ողջունեց ու շնորհավորեց ներկաներին. «Մեր մարզիկների նվաճումները (հունա-հռոմեական ոճում' 1 ոսկե, 1 արծաթե, ազատ ոճում՝ 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ) ընդհանուր առմամբ գոհացուցիչ են, այս առաջնությունից մեր սպասելիքներն արդարացվել են (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում՝ 37 երկրների մեջ 7-րդ տեղում ենք, իսկ ազատ ոճում՝ 31 երկրների շարքում՝ 6-րդը) չնայած՝ կարող էինք ավելին անել, եթե մրցավարները գիտակցաբար կամ անգիտակցաբար, չսխալվեին Կարեն Ասլանյանի մենամարտը գնահատելիս: Այստեղ դեր է խաղում նաև ՖԻԼԱ-ի մրցավարական կազմում մրցավար չունենալը»:
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը ևս անդրադարձան անբարեխիղճ մրցավարությանը:
Միջոցառման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն արժանացան տարբեր խրախուսանքների.
- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանին և բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանին շնորհվեց «Միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչում;
- Ծննդյան 50-ամյակի կապակցությամբ և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով;
- Ծննդյան 50-ամյակի և մարզչական աշխատանքում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին շնորհվեց ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի» կոչում;
- ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի» կոչումներ շնորհվեցին նաև ՀՀ վաստակավոր մարզիչներ Սամվել Գևորգյանին և Սամվել Մարգարյանին, ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի 2-րդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանին:
«Մենք լուրջ ակնկալիքներ ունենք 2016 թ. օլիմպիական խաղերից, մեր մարզիկները պետք է պարտադիր ոսկե մեդալ նվաճեն: Օլիմպիական և աշխարհի չեմպիոններին անձամբ կդիմավորեմ օդանավակայանում, քանի որ այդ հաղթական ճանապարհը ինքս եմ անցել ու քաջատեղյակ եմ դեպի հաղթանակ տանող բոլոր դժվարություններին»,-ամփոփելով հանդիպումը նշեց Յուրի Վարդանյանը: