Քեսաբյան դեպքերի պատճառով Հայաստանում է հաստատվել երկու քեսաբահայ ընտանիք: Նրանց խնդիրները գտնվում են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում: Հավանական է, որ այսօր Հայաստան ժամանի ևս մի քանի քեսաբահայ ընտանիք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: «ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է աշխատանքը սիրիահայերի հետ' հաշվի առնելով նրանց կարծիքն ու կարիքները: Այս օրերին մենք պատրաստ ենք աշխատել նաև Քեսաբից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների հետ: Այսօր Բեյրութ-Երևան չվերթով հնարավոր է Հայաստան ժամանի մի քանի քասաբահայ ընտանիք: Մենք գնալու ենք օդանավակայան և առաջարկելու ենք մեր օգնությունը»,-տեղեկացրեց Ֆիրդուս Զաքարյանը:
Ինչ վերբերում է արդեն Հայաստանում հաստատված երկու քեսաբայ ընտանիքներին, ապա «Սիրիահայերի հիմախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա Եդիգարյանի խոսքով' իրենք արդեն հանդիպել են այդ ընտանիքներին և փորձել լուծել բնակարանային հարցերը: Ընտանիքներից մեկը' ամուսիններ են, որոնց երկու որդիներն ավելի վաղ էին Հայաստան ժամանել ու բնակվում են մեկ-սենյականոց բնակարանում, մյուս ընտանիքն ունի փոքր երեխաներ: «Ընտանիքներից մեկը ամուսիններ են, ամուսինը այգեպան է, կինը' տնային տնտեսուհի: Սիրիահայ բիզնեսմեններից մեկը մեզ խնդրել էր իրենց մոտ ուղղորդել հենց այդպիսի զույգի: Նրանք անվճար կապրեն իրենց համար նախատեսված տանը, որը հատուկ վերանորոգված է, ու աշխատանքի դիմաց վարձատրություն կստանան: Մենք ծանոթացրել ենք նրանց, նախնական համակրանքը կա երկու կողմերի միջև»,-ասաց Նաիրա Եդիգարյանը:
Նաիրա Եդիգարյանի դիտարկմամբ' ընտանիքներն այս պահին ունեն տարբեր բնույթի խնդիրներ' ֆինանսական, լեզվական խոչընդոտները, երեխաների կրթության հետ կապված խնդիրներ, որոնք պետք է ժամանակի հետ լուծել: