Երեւանում ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների Հակաօդային պաշտպանության կոմիտեն քննարկել է համագործակցության բարելավման հարցերը: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական «Կրասնայա Զվեզդա» թերթը, հանդիպմանը քննարկվել են համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստվածության ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգի 2014թ. ծրագրերը, հետազոտական, պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտներում առավել սերտ համագործակցության հարցերը: Երեւանում համակարգող կոմիտեի անդամները մասնակցել են համատեղ մարտական հերթապահության, ծանոթացել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքին:
Ըստ աղբյուրի' ԱՊՀ երկրների միասնական հակաօդային պաշտպանության համակարգի մեջ է որոշել մտնել նաեւ Ադրբեջանը: «ԱՊՀ երկրների շտաբերի պետերի Կոմիտեի նիստի մասնակիցները, որը տեղի է ունեցել ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ, Բաքվում, քննարկել են հակաօդային պաշտպանության եւ ռադիոտեղորոշման ու ճանաչման միասնական համակարգի զարգացման հարցերը: Որոշում է ընդունվել ստեղծել հետխորհրդային տարածքի համար սպառնալիքների նախազգուշացման ընդհանուր համակարգ: Դա թույլ կտա, օրինակ, ռուսական հյուսիսում վայրկյանի ընթացքում իմանալ, թե ինչ ինքնաթիռ է նկատել ռադիոալեհավաքը Տաջիկստանի հարավում: Տեղեկատվություն է փոխանակելու նաեւ ավիացիան. ԱՊՀ երկրների օդային պաշտպանությունը դառնալու է միասնական»,- գրել է թերթը:
Պարբերականը հայտնել է նաեւ, որ կոմիտեն համաձայնեցրել է ԱՊՀ երկրների զինված ուժերի' 2015թ-ի համար համատեղ միջոցառումների պլանը: Նիստի ընթացքում շտաբների ղեկավարները հավանության են արժանացրել մարդասիրական ականազերծման, աշխարհատարածքային տեղեկատվության փոխանակման եւ ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման ոլորտներում համագործակցության մասին համաձայնությունները:
Նշենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) 2014թ. Աշխատանքային պլանի համաձայն և տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրել էր ՀՀ ԶՈւ պատվիրակության գործուղումը Բաքու' Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման անցկացման վայրը և հետ նախատեսում էր տարանցում Մոսկվայով, որտեղ և ժամանել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ապրիլի 7-ին:
Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերի, նաև' Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը, ընդունող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությունն ընդունելու իր պատրաստականությունը և շահագռգռվածությունը, ինչի հետևանքով պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել: