Կառավարությունը վաղվա նիստում հավանություն կտա միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին տեխնիկական առաջադրանքներին: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ամբողջ տարածքը տրանսպորտային սպասարկումով ապահովելով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում հանրապետությունում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորում երթուղային ցանցեր, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչև մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղևորների արդյունավետ փոխադրումը: Որոշ երթուղիներ տնտեսապես հիմնավորված են, և դրանց համար բազմիցս հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով:
Գործող երթուղային ցանցում հնարավոր չէ ներդնել միասնական տոմսավորման համակարգ և շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ, ինչը թույլ չի տալիս ուղևորներին արդյունավետ կազմակերպելու ուղևորությունը:
Կառավարությունը որպես լուծում նախատեսում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան: