Ապրիլի չորսին փոխնախարար Հ. Մխիթարյանը, ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (ՄԵՎԱՆԾ) ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը Շիրակի մարզպետարանում աշխատանքային հանդիպում են ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ:

 

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել գյուղատնտեսական մշակաբույսերի հակակարկտային պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրները:

 

Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը համառոտ ներկայացրեց իրավիճակը մարզում և նշեց հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի առավելությունները: Ներկայումս մարզում կա 44 հակակարկտային կայան: Տարվա ընթացքում դրանց թիվը կավելանա ևս 5-ով, նախատեսվում է մարզում տեղադրել նաև ռադիոլոկացիոն կայան:

 

ՀՀ ԱԻՆ փոխնախարար Հ. Մխիթարյանն իր խոսքում նշեց, որ հակակարկտային պաշտպանության համակարգում ընդգրկվելու են նաև Հիդրոմետ ծառայությունը և հանրապետության բոլոր բջջային օպերատորները, ինչի շնորհիվ հակակարկտային կայանների աշխատանքը կդառնա ավելի գրագետ, արդյունավետ և անխափան:

 

Հանդիպման մասնակից համայնքապետերին հուզող բոլոր հարցերին' կապված կայանների աշխատանքի, արդյունավետության, շահագործման ծախսերի, կողմերի իրավունքների ու պարտականությունների հետ, ԱԻՆ փոխնախարարն ու ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը տվեցին սպառիչ պատասխաններ:

 

Շիրակի մարզի համայնքների ղեկավարներից շատերը քննարկման ավարտին արդեն համագործակցության պայմանագիր ստորագրեցին Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հետ:

 

Կնքված պայմանագրի համաձայն' համայնքը պարտավորվում է համապատասխան տարածք տրամադրել նոր հակակարկտային կայանների տեղադրման համար, իրականացնել կայանների պահպանությունը և գազաբալոնների լիցքավորումը:

                                                                                                                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր հերթին պարտավորվում է շահագործել կայանները, որոնց օգնությամբ կիրականացվի գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը (ըստ կարկտային պրոցեսների ուժգնության դասակարգման, յուրաքանչյուր կայանի համար 80 հեկտար տարածքի վրա), ինչպես նաև վերացնել այն բոլոր թերություններն ու անսարքությունները, որոնք ի հայտ կգան կայանների շահագործման ընթացքում:

 

Կնքված պայմանագիրը համայնքների համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնում, մինչ այսօր գործող կայանները շարունակում են մնալ համայնքային սեփականություն, սակայն դրանց կառավարումն արդեն իրականացնելու է ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ը' ավելի գրագետ ու նպատակային:

 

Նմանատիպ հանդիպումներ են անցկացվել նաև ՀՀ Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում: