Հալեպում շարունակվում են ռազմական թեժ բախումները։ Զինյալ խմբավորումները տասնյակներով հրասանդեր եւ արկեր են արձակում Հալեպի զանազան շրջաններում, հատկապես Նոր գյուղի ուղղությամբ' մարդկային եւ նյութական լուրջ վնասներ հասցնելով բնակչությանը։ Հայ եւ տեղացի վիրավորներ ու զոհեր կան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, վիրավոր հայորդիների անուններն են' Վրեժ Եագուպյան, Ժագ Տեկիրմենճյան, Հարութ Աբիկյան, Արաքսի Օրուլյան, Հասմիկ Մանուել-Թութունճյան, Կարո Քարակուլլեյան: Տեղացի զոհերի կողքին զոհվել են նաեւ երկու հայորդիներ՝ Սագո Աշնալըքյանը եւ Լեւոն Գեւորգյանը։

 

Զգուշացվում է հեռու մնալ պատուհաններից եւ պատշգամներից, իսկ պայթյունների ձայներ լսելու պարագայում անմիջապես դուրս չգալ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բախումների հետևանքով ժամանակավորապես վտանգվել է Հալեպից դուրս գնալու միակ ճանապարհը' Խանասերը: Այդ ճանապարհը գործող է, սակայն բախումների սաստկացման պարագայում, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես այն փակ է: Ապրիլի 12-ի առավոտյան ժամը 10:00-ից Խանասերի ճանապարհով անցնող մի քանի ուղևորությունները հետաձգվել են:

 

Սիրիայում արդեն երեք տարի ձգվող հակամարտության հետեւանքով, ՄԱԿ-ի տվյաներով, 130 հազար մարդ է զոհվել: Զոհվել են նաեւ մոտ ութ տասնյակ հայորդիներ: