Հալեպում հուլիսի 19-ին ահաբեկչական խմբավորումների արձակած հրասանդից հայեր են վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից, վիրավորվել են Ավետիս Քյուքջյանը, Էլիզ Քյուրքջյանը և Լարա Սնունին: Դեպքը տեղի է ունեցել Սուլեյմանիե թաղամասում: Բարեբախտաբար, վիրավորների վիճակը մտահոգիչ չէ:
Հալեպում հուլիսի 16-ին ահաբեկչական խմբավորումների արձակած գազի տակառի պայթյունից վիրավորվել էր հայազգի Կարպիս Մոմջյանը:
Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության երեք և ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես, հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է' ամա յացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:
Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: