Հալեպի Համիդիե շրջանում երթուղային տաքսու վրա օգոստոսի 12-ին ընկած հրթիռի հետևանքով տուժածների թվում հայ կա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Վիրավորվել է Կարպիս Հաբեշյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:Բարեբախտաբար, առողջական վիճակը մտահոգիչ չէ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Համիդիե շրջանի համալսարան տանող ճանապարհին երթուղային տաքու վրա հրթիռ ընկնելու հետևանքով յոթ մարդ էր զոհվել, այդ թվում' մեքենայի վարորդը:
Աղբյուրի տեղեկացմամբ' Մայսալուն թաղամասում օգոստոսի 12-ին ահաբեկչական խմբավորումների կողմից գետնուղու պայթյունից քաղաքը ցնցվել է, որից հետո ահաբեկիչները հարձակվել են պետական հիվանդանոցի վրա: Բարեբախտաբար, սիրիական բանակը հետ է մղել նրանց:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը' զինված խմբավորումների հսկողության տակ: