Հալեպի Ազիզիե թաղամասը դեկտեմբերի 10-ի կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել: Մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող Ազիզիե թաղամասի «Ալ Զահրա» կինոթատրոնի մերձակայքում հրասանդի պայթյունի հետևանքով երիտասարդ հայուհի է վիրավորվել: Այս մասին «ԱրմենպրեÕ ½»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և համապատասխան բուժում ստացել:
Հալեպում բախումները շարունակվում են հյուսիսարևելյան շրջաններում և հարավային գյուղերում:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ էր դարձել ոսկերիչների շուկան՝ «Ֆարհաթ» հրապարակը: Մեծ տակառից պատրաստված հրթիռն ընկել և պայթել է շենքի վրա, որի վերջին հարկը հայի բնակարան է, իսկ մնացածը՝ հայ ոսկերիչների գործարան: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, վնասները միայն նյութական են:
Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցում է 100-ը: