Հալեպի Սուլեյմանիա թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով հունիսի 26-ին հայուհի է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ զոհվածը Մարիա Սապունջյանն է:

 

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում նախօրեին երկու հրասանդներ են ընկել, որոնց թիրախ է դարձել ազգային Զավարյան վարժարանի թաղամասը: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, պատճառած վնասները միայն նյութական են:

 

Աղբյուրը տեղեկացրեց, որ Հալեպում կրկին ջրի սուր տագնապ է: Արդեն մի քանի օր ջրամատակարարումը դադարեցվել է, և հալեպցիները առավել դժվարին իրավիճակում են հայտնվել:

 

Ավելի վաղ Սիրիայի Իդլիբ մարզի Խան Շեյխուն շրջանում զինյալների դեմ բախումների ժամանակ զոհվել էր 1986թ. ծնված Սևակ Էոլմեսեյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին Դամասկոսի ս. Սարգիս եկեղեցում: Սևակ Էոլմեսեյանը ծնունդով Դամասկոսից էր: Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 25-ին, սակայն զոհվելու մասին լուրը հաստատվել է հունիսի 25-ին:

 

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև երեք տարուց ավելի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: