Հալեպի Սեբիլ թաղամասում հունիսի 16-ին պայթած հրասանդի բեկորներիից հայուհի է զոհվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից, զոհվածը 1942թ. ծնված Սեդա Բասմաջյանն է: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունիսի 17-ին' Հայ Առաքելական ս. Աստվածածին եկեղեցում:

 

Վերջին երկու ամսվա ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Մասնավորապես, հունիսի առաջին օրերից սկսած Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատթարացել է: Ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց կարևոր մասն են կազմում թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերը, տարբեր տեսակի հրթիռներ և հրասանդներ են տեղացել խաղաղ բնակչության վրա: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները մարդկային վնասներից բացի, սարսափելի նյութական վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարա ններ բոլորովին անբնակ են դարձել, իսկ հարյուրավորները նորոգման կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:

 

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: