Հալեպում մայիսի 2-ի հետմիջօրեին չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել: Այս մասին տեղեկացնում է Հալեպի լրատվական գրասենյակից: Հայաշատ Վիլլաներ, Ազիզիե, Շեյխ Տահա և Նոր Գյուղ թաղամասերի վրա հրասանդներ և գազի արկեր են ընկել՝ ահ ու սարսափ տարածելով բնակիչների շրջանում: Հրասանդներից մեկն ընկել է ազգային «Ա. Մանուկյան» կենտրոնի դիմաց գտնվող շենքի վրա, որի հետևանքով 2 քաղաքացի վիրավորվել է և նյութական մեծ վնասներ են արձանագրվել:
Գրեթե նույն ժամին Նոր Գյուղի «Տիգրանյան» այգու մեջ գազի արկ է ընկել, որի հետևանքով 2 հայ է վիրավորվել: Բարեբախտաբար, Բենո Փիլայջյանի և Լևոն Հովհաննիսյանի վիճակը մտահոգիչ չէ:
Մայիսի 1-ին հրասանդների պայթյունի հետևանքով վիրավորվել էին նաև Մարլեն Փոքրավորյանը և Էլի Չիլաբոշյանը:
Բացի այդ, տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում մայիսի 1-ին հրասանդներ ընկնելու հետևանքով հայեր էր վիրավորվել: Վիրավոր հայերից մեկը՝ Կարպիս Պոշկեզենյանն է, ով «Քարեն Եփփե» ազգային ճեմարանի աշակերտ է: Մյուսը' Կարապետ Դավիթյանն է: Մինչ այդ, հրասանդի պայթյունի հետևանքով 3 հայ էր վիրավորվել: Կարպիս Գաբայանը վիրավորվել է գլխից, Րաֆֆի Բալյանը' ոտքի թեթև վնավասծներ է ստացե, իսկ նրա որդին՝ Կարո Բալյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել հրասանդի բեկորներից: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, և նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: