Թուրքիայի քրդաբնակ արեւելյան եւ հարավարեւելյան տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի Չերմիք շրջանում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ մարտիկներ նռնակներով գրոհել են ոստիկանական վարչության վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հարձակումը տեղի է ունեցել գիշերվա ժամը 3-ին: Ոստիկանության երկու աշխատակիցներ վիրավորվել են: Թուրքական անվտանգության ուժերին հաջողվել է կասեցնել PKK-ի գրոհը:

 

Թուրքական պաշտոնական լրատվական գործակալությունը ներկայացրել է հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 26-ն ընկած ժամանահատվածում Թուրքիայի զինված ուժերի' PKK-ի դեմ պայքարում ունեցած հետեւանքների ընդհանուր պատկերը, որի համաձայն' գրեթե երկու ամսվա ընթացքում Թուրքիայի ուժային կառույցները կորցրել են 60-ից ավելի ոստիկան, զինվոր, թիկնապահ եւ 15 քաղաքացիական անձ, վիրավորվել են 206 քաղաքացիներ:

 

PKK-ն ընդհանուր առմամբ այրել է 211 ավտոմեքենա, որոնց մեծ մասը' բեռնատար:

 

Ըստ գործակալության' մինչ հուլիսի 22-ը, երբ Ուրֆայի Սուրուչ քաղաքում ահաբեկչական պայթյունից 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էր, Թուրքիայում սպանվել են PKK-ի 88 անդամներ, ձերբակալվել 14-ը, որոնցից 11-ը' վիրավոր վիճակում:

 

Հուլիսի 22-ից հետո PKK-ի դեմ Թուրքիայի ԶՈՒ կողմից իրագործված օդային հարձակումների արդյունքում սպանվել են 918 քուրդ մարտիկներ: Օդային հարձակումներից Թուրքիայից դուրս վիրավորվել է PKK-ի 580 մարտիկ, իսկ երկրի ներսում' 250-300 հոգի:

 

Թուրքիայում հուլիսի 22-ից հետո անցկացված գործողությունների արդյունքում PKK-ի հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալվել է 2 հազար 129 մարդ:

 

Միայն օգոստոսի 25-26-ը' 24 ժամվա ընթացքում PKK-ի մարտիկների եւ թուրքական անվտանգության ուժերի միջեւ զինված բախումներ են տեղի ունեցել Էրզրումում, Վանի Էդրեմիթ եւ Չաթաք գավառներում, Դիարբեքիրի Սիլվան շրջանում, Ադանայում, Աղրըում, Թունջելիում, Բիթլիսի Հազան շրջանում, Ստամբուլում:

 

1980 թվականից Թուրքիայում քրդական ինքնավարության համար PKK-ի պայքարում 45 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ Թուրքիան տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: