Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները օգոոստոսի 1-ին' մոտ ժամը 10:00-ին պայթեցրել են Թունջելիի նահանգի Օվաջըք եւ Հոզաթ քաղաքների միջեւ երթեւեկություն ապահովող Մանզուր գետի կամուրջն այն պահին, երբ այնտեղով անցնում էր Թունջելիի զրհապատ ոստիկանական ավտոմեքենան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով DemokratHaber-ը, PKK-ի մարտիկները կամուրջը պայթեցրել են հեռակառավարվող պայթուցիկ սարքով:

 

 

Հզոր պայթյունի հետեւանքով կամուրջը փլվել է, ոստիկանական ավտոմեքենան ընկել է գետը, իսկ նրա մեջ եղած բոլոր ոստիկանները մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոցներ:

 

 

Թունջելի-Էրզինջան (Երզնկա) ճանապարհի 35-րդ կիլոմետրի վրա Զեյվե տեղանքում PKK-ի մարտիկները հուլիսի 31-ի երեկոյան հրդեհել են 7 ավտոմեքենաներ: Բացի դրանից, նրանք ականապատել են այդ երկու բնակավայրերը կապող ավտոմոբիլային ճանապարհը, ինչի հետեւանքով այն երթեւեկության համար փակվել է:

 

 

Գրեթե երկու տարի առաջ իր կողմից միակողմանի հայտարարած հրադադարից հետո PKK-ն վերսկսել է Թուրքիայում իր ռազմական գործողությունները հուլիսի 22-ին Ուրֆայի Սուրուջ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել է: PKK-ն համարում է, որ այդ ահաբեկչական հարձակման հետեւում կանգնած է թուրքական պետությունը եւ փորձում է վրեժ լուծել իր այդ գործողություններով:

 

 

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն' վերջին 11 օրերի ընթացքում Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումների հետեւանքով 50-ից ավելի մարդ է սպանվել, այդ թվում 16 զինծառայողներ: