Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը, Ճարտարագետների պալատը, Բժիշկների մջությունը, 30 այլ քաղաքացիական կազմակերպություններ համատեղ հրապարակել են «Արցունքաբեր գազը պետք է արգելվի նախաձեռնություն - 2014» զեկույցը, որում նշված է, որ այդ երկրի անվտանգության մարմինները բողոքի ակցիաների մասնակիցների դեմ տարվա 365 օրերից 224-ում արցունքաբեր գազ են կիրառել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ըստ զեկույցի, արցունքաբեր գազի կիրառումից Թուրքիայում անցյալ տարի 8 մարդ զոհվել, նվազագույնը 453 մարդ էլ վիրավորվել են:
Զեկույցի հեղինակները Թուրքիայի կառավարությունից պահանջել են դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ մահացու արցունքաբեր գազի կիրառումը:
Դրան ի պատասխան, Թուրքիայի գլխավոր ոստիկանությունը հայտարարել է, որ 2014 թվականին անվտանգության ուժերի կողմից կիրառված արցունքաբեր գազը «համապատասխանել է միջազգային չափանիշներին, եւ լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով մարդու առողջությանը վնասող նյութեր չի պարունակել»:
Թուրքիայի իշխանությունների այդ պարզաբանումը հաղորդել է պաշտոնական «Անատոլու» լրատվական գործակալությունը, ինչի համար թուրքական ոչ կառավարական կազմակերպությունները եւ ընդդիմադիր մամուլը գործակալությանը դատապարտել են իշխանությունների գործիք լինելու համար: