Վաղ առավոտյան Վոլգոգրադի շրջանի Դերժինսկու թաղամասում Կաչինսկի շուկայի մոտ արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում LifeNews-ի աղբյուրը, կոնֆլիկտը բռնկվել է այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել հարբած երիտասարդներին, որոնք հարսանիքից էին վերադառնում: Լսելով մերժումը՝ նրանք ծեծի են ենթարկել տաքսու վարորդին, ով օգնության է կանչել իր ազգականին: Ըստ նախնական տվյալների՝ հենց նա էլ ատրճանակից կրակ է բացել հարձակվողների վրա:
Միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել:
Վիրավորներից մեկը 22 ամյա Արմեն Եղիազարյանն է, ով աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել և առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել ոստիկանության բաժանմունք: 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը ձախ կոնքի հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել բաժանմունք:
Տվյալ փաստով Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Վոլգոգրադի շրջանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել՝ «Սպանություն», «Ավելի քան երկու մարդու նկատմամբ մահափորձ» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: