Հալեպի Մայսալուն թաղամասում օգոստոսի 12-ի կեսօրին ստորգետնյա ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը' ավելացնելով, որ թեպետ զոհեր ու վիրավորներ են արձանագրվել, սակայն, բարեբախտաբար, տուժածների թվում հայեր չկան: Իրավիճակը քաղաքում այժմ համեմ ատաբար հանգիստ է, ջրի սուր տագնապը շարունակվում է:
«Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Մայսալուն թաղամաում ահաբեկչական խմբավորումների կողմից գետնուղու պայթյունից քաղաքը ցնցվել է, ինչից հետո ահաբեկիչները հարձակվել են պետական հիվանդանոցի վրա: Բարեբախտաբար, սիրիական բանակը հետ է մղել նրանց:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Հալեպի Համիդիե շրջանի համալսարան տանող փոխադրամիջոցի վրա հրթիռ է ընկել, որի հետևանքով յոթ խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում' մեքենայի վարորդը:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը' զինված խմբավորումների հսկողության տակ: