Սիրիական Կամիշլիում թուրքական զինուժի կողմից իրակացված հարձակումների հետևանքով հայեր չեն տուժել: Հայկական դպրոցներն այսօր փակ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը:
Նա նշեց, որ երեկ մինչև կեսգիշեր թուրքական զինված ուժերը Կամիշլիի շրջակայքում պայթյուններ և հրթիռակոծումներ են իրականացրել:
«Թուրքական կողմը հրթիռակոծում էր նաև Կամիշլիի քրդական կենտրոնները։ Թուրքական ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում իրականացրած հրթիռակոծության հետևանքով շրջանի բնակչությունը տուժել է: Հրթիռներից մեկն ընկել է Կամիշլիի Բշեիրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է երկու քրիստոնյա։ Այդ թաղամասի բնակչությունն առժամանակ տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է»:
Չիլափոշյանի խոսքով՝ Կամիշլիում այս պահին դրությունը հանգիստ է, բախումներ և հրթիռակոծումներ չկան:
«Թուրքական օդուժն այս գիշեր հրթիռակոծել է Ռաս ալ Աին շրջանի Թել Արքամ գյուղը: Միևնույն ժամանակ Թուրքիան փորձել է ցամաքային ներխուժում իրականացրել Սիրիայի տարածք՝ քանդելով Սիրիայի հյուսիսային շրջանի Ռաս ալ Այն ավանի Թուրքիայի հետ արևմտյան սահմանի Թել Հալաֆ գյուղի մոտ իր իսկ կառուցած պարսպի մի հատված: Ռաս ալ Աինում բնակվում է 10-15 հայ ընտանիք, որոնք տեղափոխվել են Հասիչե, իսկ Թել Աբյադում բնակվում է 15 հայ ընտանիք, որոնք երեկ նույնպես տեղափոխվել են մոտակա ապահով գյուղեր»,- հայտնեց Զ. Չիլափոշյանը:
Նրա խոսքով՝ այսօր առավոտյան թուրքական ուժերը ցամաքային ներխուժում են իրականացրել Ռաքքայի հյուսիսային շրջանի Թել Աբյադ ավանի մի քանի գյուղեր։
«Երեկ թուրքական կողմի հրթիռակոծումների հետևանքով Կամիշլիում, Ալ Դարբասիեում և Ռաս ալ Աինում 8 քաղաքացի է զոհվել, երկուսը՝ քրիստոնյա, իսկ 20 մարդ վիրավորվել է: Թուրքական ուժերը թիրախավորել են նաև տվյալ շրջանների ենթակառուցվածքները, այսինքն՝ փորձում են տեղացիներին զրկել ջրից և էլեկտրականությունից, ինչպես նաև թիրախավորել են այն ամբարները, որոնք միլիոնավոր մարդկանց ջուր են մատակարարում»,- ասաց Չիլափոշյանը: