Հալեպի Ան Նիլ փողոցում հրասանդի ընկնելու հետևանքով երեխա է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդն ընկել է Ղուֆրան մզկիթի մերձակայքում: Նյութական վնասներ են կրել քաղաքացիների մերձակայքում գտնվող բնակարանները և մեքենաները:
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ Հալեպում փետրվարի 19-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել. նրանց մեծամասնությունը կառավարական ուժերի ծառայողներ են: Աղբյուրի տեղեկացմամբ' կառավարական ուժերը հրթիռակոծում են Հալեպի Սախուրա, Շեյխ Խադար, Մասաքին Հանանու, Բաբ ալ Հադիդ, Սուքքարի և Ալ Նասարի թաղամասերը:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ' Կունեյտրայի շրջանում, Կունեյտրա-Ջեբաթա ալ Խաշաբ ճանապարհին ոչնչացվել են այդտեղ կռվող զինված խմբավորման բոլոր անդամները: Զինյալների դեմ մարտերը շարունակվում են նաև Համայում, որի Քաֆր Զեյթ գյուղում մեծ թվով զինյալներ են սպանվել: Նրանց թվում եղել են Սաուդյան Արաբիայի և Հորդանանի քաղաքացիներ:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 110 հազարը: