Հրշեջներին առավոտյան հաջողվել է մարել կրակը Չինաստանի հյուսիսի Տյանցզին նավահանգստային քաղաքի դյուրավառ նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում եւ ձեռնամուխ լինել փլատակների մաքրմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Սինա լրատվական պորտալին, պատահարի վայրը շրջափակված է ոստիկանու թյան կողմից, քանի որ առկա է նոր պայթյունների վտանգը: Իշխանությունները ձերբակալել են պահեստի գործարկու ընկերության պատասխանատուներին:
Ըստ վերջին տվյալների՝ պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 42-ի, եւս շուրջ 400 հոգի վերքեր են ստացել: Այս տվյալները լրագրողներին հայտնել է քաղաքի հիվանդանոցներից մեկի մի աղբյուր:
Ինչպես հաղորդել է The China Daily թերթի էլեկտրոնային տարբերակը, արտակարգ պատահարի վայրում աշխատող տասնյակ հրշեջներ անհայտ կորած են համարվում: Նրանց հետ կապն ընդհատվել է նոր հզոր պայթյունից հետո, եւ այդ ժամանակվանից նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի ալիքը բնակելի շենքերի ապակիները կոտրել է 2 կիլոմետր շառավղով եւ վնասել ավելի քան հազար ավտոմեքենա: Արտակարգ պատահարի վայրից ստացվող կադրերում երեւում է, որ պայթյունից անմիջապես հետո, որի ուժգնությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, միջադեպի շրջանում սաստիկ հրդեհ է սկսվել: Սինհուա գործակալության հաղորդմամբ՝ դրանից հետո պահեստում տեղի են ունեցել եւս մի քանի պայթյուններ այն պահին, երբ հրշեջները պայքարում էին կրակի դեմ:
Դրանցից ամենաուժեղի հզորությունը համարժեք է 21 տոննա տրոտիլի: Միջադեպի պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չկա:
Հիվանդանոցներ տեղափոխվող տուժածների թիվը շարունակ ավելանում է: Փրկարարները չեն բացառում, որ պայթյունից վնասված շենքի փլատակների տակ կարող են լինել մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: