Դամասկոսի Ջարամանա արվարձանում դեկտեմբերի 5-ին հրասանդ ընկնելու հետևանքով 5-ամյա երեխա է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, վիրավորներից 3-ը նույնպես ե րեխաներ են: Ոստիկանության տեղեկացմամբ' հրասանդն ընկել է Ջարամանայի Դաֆ աս Սախր թաղամասում: Բացի մարդկային վնասներից, տեղանքը նյութական վնասներ է կրել:

 

Մյուս կողմից, Հալեպի Անադանա և Հանդարաթ թաղամասերում թեժ մարտեր են ընթանում: Կառավարական բանակը փորձում է ճեղքել զինված ընդդիմադիրների օղակը: Սիրիական բանակը նաև հարձակումներ է գործում Բանի Զեյդ թաղամասի վրա, որն ավելի քան 2 տարի է' զինյալների հսկողության տակ է:

 

Բանակը Հալեպի արևմուտքում պաշտպանում է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման կողմից շրջափակված Նոբուլ և ազ Զահրա շիական գյուղերը:

 

Ակտիվիստների խոսքով' Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում ԻՊ-ի իրականացրած պայթյունի հետևանքով սիրիական բանակի 19 ծառայողներ են զոհվել:

 

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց տներից և հայրենիքից: