Դամասկոսի կենտրոնական բանտի մուտքի մոտ փետրվարի 23-ին հրասանդ է ընկել՝ պատճառելով մարդկային վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ' հրասանդ ընկելու հետևանքով 4 մարդ' զոհվել, ևս 26-ը վիրավորվե լ է: Նրանց թվում կան 2 կանայք և 1 երեխա: Տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, ովքեր այցելել էին բանտում գտնվող իրենց բարեկամներին:
Դամասկոսի կենտրոնական բանտը գտնվում է Դումա շրջանի Ռեյհան և Թել Քարդա ագարակների մերձակայքում, որտեղ տարածվել են ահաբեկչական կազմակերպությունները, որոնք հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակիչների վրա:
Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Դամասկոսի բնակելի թաղամասերը փետրվարի 23-ին ահաբեկչական հարձակման են ենթարկվել: 5 հրասանդներ են ընկել Դամասկոսի Դուելաա և Սինաա թաղամասերում, ինչի հետևանքով 8 խաղաղ բնակիչներ են վիրավորվել:
Նախօրեին հրասանդ ընկնելու հետևանքով Դամասկոսի հյուսիսում 1 կին և 1 երեխա էր զոհվել:
Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ: