Դամասկոսի կենտրոնական բանտի մերձակայքում՝ Ադրա շրջանում, նոյեմբերի 20-ին 2 հրասանդ է ընկել, ինչի հետևանքով մեկ կին զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանտի մերձակայքում են ահաբեկչական խմբավորումների' հիմնականում «Ջեյշ ալ Իսլամ»-ի անդամները, ովքեր հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակիչների վրա Արևելյան Ղուտայում և Դամասկոսի այլ շրջաններում:

 

Սիրիական աղբյուրները տեղեկացնում են, որ երկրի օդային ուժերը նոյեմբերի 20-ին ռմբակոծել են Դամասկոսի հարավային հատվածների' Ալ Հարակ, Սայիդա, Մաարաբ տարածքներում ընդդիմադիրների դիրքերը: Սիրիայի հարավային հատվածները միակ ճակատն են համարվում, որտեղ սիրիական բանակը կռվում է Ազատ բանակի հետ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը մի քանի կարևոր կետեր է գրավել Հոմսի մարզում, մասնավորապես, Մուհաֆազա գյուղում և Ջաբալ Շայիրի շրջանում:

 

Ռազմական գործողությունների ժամանակ ահաբեկչական կազմակերպությունների տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ' տասնյակ զինյալներ սպանվել են Ում Ռեյշ, ինչպես նաև Սալամ Շարկի և Ուադիհի գյուղերի շրջակայքում և այլուր: