Դամասկոսի մի քանի թաղամասերում հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդ է ընկել Ադաուի թաղամասում, ինչի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել է, նյութական վնասներ են կրել մի քանի տներ:

 

Բացի այդ, ևս մեկ հրասանդ է ընկել Կուսուր թաղամասում , ինչի հետևանքով մեկ քաղաքացի է վիրավորվել: Աղբյուրը տեղեկացնում է, որ մեկ այլ հրասանդ ընկել է Մազրաա թաղամասի Իման մզկիթի մոտ՝ պատճառելով նյութական վնասներ:

 

Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակի ստորաբաժանումներից մեկը մեծ թվով զինյալներ է ոչնչացրել Դամասկոսի Այն Թուրմա գյուղում: Հարձակում է իրականացվել նրանց հավաքատեղիների վրա: Սպանվել և վիրավորվել են տասնյակ զինյալներ:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական օդային ուժերը ռմբակոծում են Կունեյտրայի շրջանի Թել ալ Մալ բնակավայրը, ինչպես նաև բախումներ են ընթանում Նոր Կունեյտրա և Համիդիե բնակավայրերի մերձակայքում: Աղբյուրի տեղեկացմամբ' կառավարական ուժերը ռմաբոկծում են Գոլանի բարձունքների սահմանագիծը: Մյուս կողմից, Հալեպի Սալիհին, Բաբ Նեյրաբ և Մաադի թաղամասերը ռմբակոծվում են վառվող նյութերով:

 

Նախօրեին 50 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել է ալ Բաբ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

 

Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել 190 հազարից ավելի մարդ: