Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարտի 4-ին հրասանդներ ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ կին և երեխա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, 5 հրասանդ ընկել են Սայիդա Զեյնաբ բնակելի թաղամասում, որոնց հետևանքով 10-ամյա երեխա է զոհվել, ևս 5 մարդ վիրավորվել են: Հրասանդներ են ընկել նաև ալ Աբբասիին, ալ Ադաու թաղամասերում:
Մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Հարասթա արվարձանի ավտոմայրուղու վրա դիպուկահարի՝ մեքենաների ուղղությամբ արձակած գնդակներից 2 մարդ է զոհվել:
Դամասկոսի ալ Աբբասիին թաղամասում դիպուկահարի արձակած գնդակից 25-ամյա կին է զոհվել:
Հալեպում զինված ընդդիմադիրների ռմբակոծության հետևանքով 8 մարդ զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են: Տուժածների մեծամասնությունը Հալեպի հարավ-արևմուտքում գտնվող Սալահ ադ Դին մարզից է: Զինված ընդդիմադիր խմբավորումները նախօրեին փորձել են գրավել Ջամիաթ ազ Զահրա թաղամասում գտնվող օդային ուժերի շտաբը, սակայն դա նրանց չի հաջողվել: Ընդդիմադիրները իրենց հարձակումներով փորձում են ձախողել ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությունը կրակը դադարեցնելու վերաբերյալ: Հալեպում գտնվում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր ծանոթանում են իրավիճակին:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում 2011թ. մարտից շարունակվող բախումների զոհ է դարձել շուրջ 200 հազար մարդ: